Հարցազրոյց տկն. Սելինա Դողանի հետ, Թուրքիայի առաջին հայ կին պատգամաւորը

selinaIMG_6010ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ, ՍՏԱՄԲՈՒԼ
Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցութիւնն է ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութիւնը (ԺՀԿ), կամ այնպէս որ Թուրքիայում են ասում Ջէ. Հէ. Փէ. (Ջոմհուրրիէթ Հալք Փարթիսի):
ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութիւնը (ԺՀԿ), հիմնւել է 1923 թւականին, հիմնադրւել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի միջոցով, որը եղել է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրըª Օսմանական կայսրութեան տապալւելուց յետոյ:
ԺՀԿ-ն տասնամեակներ եղել է Թուրքիայում իշխանութեան գլուխ, այժմ համարւում է կառավարութեան ամենագլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւնը:
ԺՀԿ-ն համարւում է ՙՍոցիալ-դեմոկրատ՚ կուսակցութիւն, հաւատացած է սոցիալիստական սկզբունքներին ու Թուրքիայում ժողովրդավարութեան տարածմանն ու հաստատմանը:
ԺՀԿ-ն նաեւ անդամ է սոցիալիստական ինտերնացիոնալ (սոցինտերն) կազմակերպութեանը, որտեղ անդամ են սոցիալիստ կուսակցութիւնները, դրանց շարքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
2015 թւականի նոյ. 1-ին Թուրքիայում տեղի ունեցաւ երկրի խորհրդարանական 25-րդ ընտրութիւնները եւ ընտրւեց երկրի 26-րդ խորհրդարանը:
Թուրքիայի խորհրդարանի ընտրութիւնների համար թեկնածուներ են ներկայացնում կուսակցութիւնները, անհատները չեն, որ իրենց թեկնածու են դարձնում: Թուրքիայի խորհրդարանը ունի 550 աթոռ, ընտրութիւնների արդիւնքում ԺՀԿ-ն շահեց 134 աթոռ:
ԺՀԿ-ի թեկնածուների ցանկում առաջին անգամ լինելով ներկայացւած էր մի հայ կինª տկն. Սելինա Դողանը:
Սփիւռքի հայութեան համար թերեւս հետաքրքիր լինի թէ ով է տկն. Դողանը, ինչպէս ընտրւեց նա Թուրքիայի խորհրդարանի պատգամաւոր եւ ինչեր են ընդհանրապէս նրա մտքերն ու գաղափարները…
Նման հարցումների համար պատասխան ստանալու նպատակով հանդիպեցի տկն. Սելինա Դողանին եւ ունեցանք հետեւեալ զրոյցը, զրոյցի սկզբում տկն. Դողանը նախ համառօտ կերպով բացատրութիւն տւեց, իր կեանքի ու գործունէութեան մասին, ապա ունեցանք շահեկան զրոյց:
Ստորեւ ներկայացնում եմ իմ հարցազրոյցըª Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամաւոր տկն. Սելինա Դողանի հետ:

Սելինա Դողան – Ծնւել եմ Պոլսում, 1977 թւականին, տարրական կրթութիւնս, այսինքն մինչեւ հինգերորդ դասարան յաճախել եմ հայկական ՙՏատրեան՚ վարժարանում, յետոյ շարունակել եմ ֆրանսիական դպրոցում: Միջնակարգս աւարտելուց յետոյ համալսարանում սովորել եմ իրաւաբանութիւն: 2004 թւականից մինչեւ խորհրդարանում պատգամաւոր ընտրւելս զբաղւել եմ փաստաբանութեամբ:
Միշտ փորձել եմ մեր հայկական համայնքում գործօն ներկայութիւն լինել, կամաւոր կերպով բազմաթիւ աշխատանքներ եմ ունեցել համայնքում, այդպէս որ մեր համայնքում ճանաչւած դէմք եմ, իմ հայրիկս1) էլ նոյնպէս ճանաչւած անձնաւորութիւն է ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութեան անդամ է եւ Ստամբուլի Բաքրքոյի (Ստամբուլի քաղաքամասերից) քաղաքապետութեան օգնականն է: Մեծացել ու դաստիարակւել եմ ՙՍոցիալ-դեմոկրատ՚ գաղափարի տէր ծնողների միջոցով, այնպէս որ հեռու չեմ այդ գաղափարաբանութիւնից:
Ամուսինս 2) էլ փաստաբան է եւ ճանաչւած անձնաւորութիւն է հայկական համայնքում:
Մեր հայկական համայնքի հարցերից ու առօրեայ խնդիրներից հեռու չեմ եւ ծանօթ եմ մեր դժւարութիւններին:

– Գ. Ղ.- Ինչպէ՞ս արծարծւեց Ձեր թեկնածութեան հարցը:
– Երբ որոշւեց, որ ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութեան կողմից, հայ համայնքի միջից էլ մի թեկնածու ներկայացւի, նախ իմ հայրիկիս անունը արծարծւեց, բայց քանի որ որոշւել էր, որ թեկնածուն անպայման կին լինի, ապա ես արժանիքը գտայ, որ թեկնածու առաջարկւեմ եւ կուսակցութիւնը իմ թեկնածութիւնը առաջադրեց. սա խորհրդանշական սիմւոլիք մի քայլ չէր, այլ պիտի ասել, որ քաղաքական մէկ կարեւոր քայլ էր. արդէն փոփոխութիւններ են կատարւում ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութեան մէջ, կուսակցութեան ղեկավարութիւնը աւելի է մօտեցել սոցիալ դեմոկրատ սկզբունքներին:

– Ասացիք, որ ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութեան մէջ փոփոխութիւններ են տեղի ունենում, ինչպիս՞ի փոփոխութիւններ են դրանք:
– Ի՞նչպէս որ ասացի, կուսակցութիւնը աւելի է մօտենում ՙՍոցիալ-դեմոկրատ՚ ուղղուն, ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութիւնը իրեն համարում է մոդեռն կուսակցութիւն եւ այն որ պիտի ժամանակի եւ ժամանակակից հարցերի հետ քայլ պահի, կուսակցութեան ղեկավարութիւնը երիտասարդացել է փորձում է սեռային կին եւ տղամարդ հաւասարութիւնը նկատի ունենալ, օրինակ այս շրջանի խորհրդարանական ընտրութիւններում կին թեկնածուների թիւը բարձրացրեց, արդէն շուրջ 20 կին պատգամաւոր ունի մեր կուսակցութիւնը խորհրդարանում, այս թիւը բաւական չէ, բայց անցեալի համեմատութեամբ աւելի առաջխաղացք է: Կուսակցութեան կադրերը փոխւել են, եթէ նախկինում կային պահպանողականներ, հիմա դրանք չկան, հիմա աւելի սոցիալ դեմոկրատ գաղափարներով եւ ծրագրերով առաջնորդւող դէմքեր են ղեկավարութիւն դարձել, երիտասարդներ եւ կիներ կան գործի գլուխ:
Խորհրդարանական ընտրարշաւի ժամանակ եւ մեր միթինգներում կուսակցութիւնը շեշտ էր դնում աւելի սոցիալական հարցերի վրայ, աշխատաւորութեան վիճակի բարելաււում, կանանց եւ երեխաների համար բարւոք վիճակի ստեղծում, քաղաքացիութեան հաստատութեան եւ հաւասար իրաւունքներ ունենալու հարց, այն որ քրդերի հարցը պիտի վերջապէս ունենայ իր լուծումը, դա պիտի նաեւ լուծւի խորհրդարանում, մասնագիտական յանձնաժողովներում, քրդերէնը պիտի դասաւանդւի դպրոցներումª քրդերի համար որպէս իրենց մայրենի լեզու, քրդական քաղաքներում կամ թաղամասերում հին քրդական անունները պիտի վերականգնւի եւ ամենակարեւորըª որ ամէն ինչը պիտի լինի թափանցիկ եւ ոչ թէ ծածուկ:

– Ա՞րդեօք Ձեր հայ լինելը կամ կին լինելը, որեւէ արգելք կամ դժւարութիւն ստեղծեց Ձեր ընտրւելու ճանապարհին:
– Պիտի ասեմ, որ ես բնաւ դժւարութիւն չեմ ունեցել թէ° որպէս հայ, եւ թէ° որպէս կին: Իմ թեկնածու առաջարկելը մի ժողովրդավարական քայլ էր ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութեան կողմից, իրենց համար շատ կարեւոր հարց էր, շատ հովանաւորութիւն եղաւ ինձանից, կուսակցութեան նախագահ պրն. Քըլըչդարօղլուն ինձ շատ հովանաւորեց: Ընտրարշաւի ժամանակ եւ հանդիպումների ընթացքում, սկզբում որոշ ազգային մօտեցումներ ունեցող անձնաւորութիւնների կողմից մի քիչ դիմադրութիւն կար իմ թեկնածութեան նկատմամբ, բայց երբ ես նրանց հանդիպում էի եւ ծանօթացնում էի ինձ, փոխւում էր նրանց կարծիքը, կարեւորը այն է, որ կարողանաս առաջ գնալ, պիտի կարողանալ նոր մթնոլորտ ստեղծել, նոր վիճակներ ստեղծել եւ առաջանալ…

– Ի՞նչ ծրագրեր ունէք, որպէս Թուրքիայի խորհրդարանի առաջին հայ կին պատգամաւոր:
– Ես արդէն սկսել եմ իմ աշխատանքներս, պիտի կարգաւորւի մեր համայնքի կալւածների տնօրինման հարցը. Օսմանական ժամանակաշրջանից գոյութիւն են ունեցել հիմնադրամներ (թուրքերէնովª վաքըֆներ), որոնք իրաւական կառոյցներ են, մեր բոլոր դպրոցները, եկեղեցիները եւ հաստատութիւնները այդ հիմնադրամների անւան տակ են աշխատում, նոյնն է նաեւ միւս փոքրամասնութիւնների պարագան, այդ վաքըֆները կառավարութիւնից դրամական օգնութիւն չեն ստանում, միաժամանակ տասնամեակների ընթացքում, կառավարութիւնների կողմից հաստատւել են բազմաթիւ օրէնքներ, որոնք սահմանփակել կամ կանխել են այս հիմնադրամների (վաքըֆների) աշխատանքները, նրանք որեւէ նիւթական աղբիւր չունեն, հայերի պարագային բարերարների օժանդակութիւններով է, որ գոյատեւում ենք, այս վաքըֆները պիտի կարողանան եկամուտի աղբիւրներ ունենան, որ իրենց ենթակայ հաստատութիւններին կարողանան կառավարեն, ներկայում գոյութիւն ունեցող օրէնքները այդ կապակցութեամբ թերի են, սահմանափակող են, դրանք պիտի փոփոխութիւնների ենթարկել, փոքրամասնութիւնները պիտի իրաւունքը ունենան իրենց հարցերը այդ ուղղութեամբ. տնօրինելու եւ ես հիմա աշխատում եմ այդ ուղղութեամբ աշխատում եմ եղած օրէնքները կարգաւորեմ եւ հարկ եղած դէպքում նոր եւ ճիշտ օրէնքներ առաջարկեմ, սա իմ առաջնահերթ ծրագրերից է, իհարկէ ես ամբողջ Թուրքիայի պատգամաւոր եմ, միայն հայութեան պատգամաւորը չեմ, երկրում գոյութիւն ունի խտրականութիւններ, միաժամանակ գոյութիւն ունեն օրէնքներª խտրականութեան եւ ատելութիւնը տարածելու դէմ, բայց դրանք չեն գործադրւում, պիտի աշխատեմ խտրականութեան դէմ գոյութիւն ունեցող օրէնքների ճիշտ գործադրման համար մեխանիզմներ գտնելու… շատ գործեր կան, որ պիտի անեմ… ինչպէս ասացի ես ամբողջ Թուրքիայի պատգամաւոր եմ:

– Եթէ Ձեր կուսակցութիւնը խորհրդարանում մեծամասնութիւն դառնար եւ յաջողէր որ կառավարութիւն կազմել, ա՞րդեօք երկրի արտաքին քաղաքականութեան մէջ փոփոխութիւն կը ստեղծէիք:
– Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը հարկաւ որ պիտի փոխւի, մենք հիմա աւելի շատ թշնամիներ ունենք, քան բարեկամներ:

– Իսկ Հայաստան-Թուրքիա յարաբերութեան մասին ի՞նչ է Ձեր կարծիքը:
– Թուրքիայի եւ Հայաստանի սահմանը պիտի բացւի, այս երկու ազգը պիտի առիթը ունենան աւելի շատ միմեանց ճանաչեն:

– Այդ ուղղութեամբ ի՞նչ կասէք Սփիւռքի պարագային:
– Սփիւռքի պարագային էլ պիտի ասեմ, որ այս թշնամանքի ու խորթութեան պատճառը աւելի շատ այն պատճառով է, որ հայերը եւ թուրքերը միմեանց չեն ճանաչում, օրինակ անցեալ Ապրիլ 24-ի օրերին Սփիւռքից շատ հայեր եկան Ստամբուլ, սա շատ լաւ երեւոյթ էր, սփիւռքահայերը պիտի առիթը ունենան, որ աւելի լաւ կարողանան իրենց բացատրեն մեզ մօտ, եւ թուրքերէն լեզւով ոչ թէ հայերէնով, սա շատ կարեւոր հարց է, զանգւածային լրատւական միջոցներից պիտի օգտւել օրինակ հեռուստաալիքներ պիտի լինեն Սփիւռքից կամ Հայաստանից եւ թուրքերէն լեզւով ծրագրեր ունենան, կապեր պիտի հաստատւի սփիւռքահայ հաստատութիւնների եւ Թուրքիայի հաստատութիւնների միջեւ, ճամբորդութիւններ, փոխադարձ այցելութիւններ եւ նման շփումներ:

– Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւններում թեկնածու են ներկայացնում կուսակցութիւնները, այս շրջանի ընտրութիւններին մասնակցութեամբ էին չորս գլխաւոր կուսակցութիւնª
– ՙԱրդարութիւն եւ զարգացում՚ կուսակցութիւն (ԱԶԿ)
– ՙԺողովրդա-հանրապետական՚ կուսակցութիւն (ԺՀԿ)
– ՙԺողովուրդների ժողովրդավար՚ (Դեմոկրատիկ) կուսակցութիւն (ԺԴԿ)
– ՙԱզգային շարժում՚ կուսակցութիւն (ԱՇԿ)

– Խորհրդարանը ունի 550 պատգամաւոր, այս շրջանի ընտրութիւններում (նոյ. 1, 2015), ԱԶԿ-ն շահեց 317 տեղ, ԺՀԿ-ն 134 տեղ, ԺԴԿ-ն 59 տեղ եւ ԱՇԿ-ն 40 տեղ:
– 2015 թւականի նոյեմբերի 1-ին, տեղի ունեցան Թուրքիայի 25-րդ խորհրդարանական ընտրութիւնները եւ ընտրւեց Հանրապետութեան 26-րդ խորհրդարանը:
Այս շրջանի խորհրդարանում ընտրւել են երեք հայ պատգամաւորª
Տկն. Սելինա Դողան (ԺՀԿ)
Պրն. Կարօ Փայլան (ԺԴԿ)
Պրն. Մարգար Եսայեան (ԱԶԿ)

1- Պրն. Երւանդ Օզուզուն, քաղաքապետի օգնական եւ Ստամբուլի պատրիարքարանի ժամանակի խորհրդատուներից, պոլսահայ մտաւորական եւ հասարակական գործիչ:

2- Էրդալ Դողան, փաստաբան մարդկային իրաւունքների հարցով, թուրքական ՙԹարաֆ՚ օրաթերթի յօդւածագիր, նաեւ եղել է Հրանտ Դինքի սպանութեան թղթածրարի փաստաբաններից, մտաւորական եւ մարդկային իրաւունքների հարցերի պաշտպան:

Leave a Comment

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here